Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

85 ՏԱՐԻ ԾԼԱՐՁԱԿՈՂ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԱԿԱՆ ՏՆԿԻՆ

85 ՏԱՐԻ ԾԼԱՐՁԱԿՈՂ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԱԿԱՆ ՏՆԿԻՆ
30.09.2011 | 00:00

1925-ին Երևանի կոնսերվատորիայում Ալեքսանդր Սպենդիարյանի և Արշակ Ադամյանի հիմնադրած նվագախումբը Հայաստանի երկրորդ Հանրապետության մշակութային տարեգրության մեջ սիմֆոնիկ երաժշտության մուտքն ազդարարեց: Այդ առողջ հունդից, մեկուկես տասնյակ մեծավաստակ երաժիշտների (Չարեքյան, Բուդաղյան, Սարաջյան, Դուրյան, Մալունցյան, Խանջյան, Գերգիև…) գեղարվեստական առաջնորդությամբ, ծլարձակեցին բազմաթիվ երաժշտախմբեր: Քչերը, սակայն, իրենց կենսունակությունը հավաստեցին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) անարվեստ ժամանակների փորձություններին դիմագրավեց նախ Լորիս Ճգնավորյանի խանդավառ ջանասիրությամբ, ապա Էդուարդ Թոփչյանի եռանդուն խորագիտությամբ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԵՎԱՆՅԱՆԸ
Նորահայտ ստեղծագործական փոխշփումներն ակտիվացնելու միտումով ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Թոփչյանի և Լոնդոնի թագավորական երաժշտակրթարանի պրոֆեսոր, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որը սեպտեմբերի սկզբին հինգերորդ անգամ մեկնարկեց: Հիմա արդեն նրա ամենամյա աշնանային մեկնարկին մեծ ակնկալիքներով են սպասում թե՛ հայաստանցի, թե՛ այլազգի երաժիշտներն ու դասական բարձր արվեստի երկրպագուները: Մշտական ունկնդիրների ու մասնակիցների` դաշնակահար Էշլի Վոսի (Մեծ Բրիտանիա), ալտահար Դիմուտ Պոպենի (Գերմանիա), ջութակահար Դայշին Կաշիմոտոյի (Ճապոնիա), կլառնետահար Փոլ Մայերի և տասնյակ այլ ճանաչված երաժիշտների միջև բարեկամության յուրատիպ կամուրջ է հաստատվել Երևանյան փառատոնի շնորհիվ: Միջազգային համերգասրահներում հայտնի մեր հայրենակիցը, ով գեղարվեստական ղեկավարն է նաև Կիպրոսի կամերային երաժշտության փառատոնի, ամենաակտիվ երաժիշտ կատարողն է Երևանյանի, դրա միջազգայնացման ջահակիրը:
Հայաստանցի նորելուկ երաժիշտները, ցավոք, պատշաճ լրջությամբ չեն վերաբերվում փառատոնի շրջանակներում հյուրեկների անցկացրած վարպետության դասընթացներին: Լոնդոնի թագավորական երաժշտակրթարանի պրոֆեսոր Էշլի Վոսի «բաց դասին», օրինակ, նախորդ օրը Լիստի նրա դաշնամուրային զուսպ ու ներազդու մեկնաբանություններով տպավորված ունկնդիրներն ավելի մեծ թիվ էին կազմում, քան սեփական կատարողական ունակությունները նրան ներկայացնողները: Գուցե անլիարժեքության բարդույթն է իրական պատճառը սկսնակների վախվորածության: Ալեքսանդր Չաուշյանին միայն ԵՊԿ երկրորդ կուրսի ուսանող, հանրապետական ու միջազգային մրցույթներում դափնիներ նվաճած թավջութակահար Հայկ Սուքիասյանն էր համարձակվել «քննության» ներկայանալ, և, հեռուստախցիկներով ու բազմաթիվ հետաքրքրասերներով շրջապատված, արտիստական իր նկարագրին հարազատ Բախով նոր երկրպագուներ գտել: Կազմակերպիչները համառորեն շարունակում են հմուտ վարպետներին ներգրավել կրթական ծրագրերում` ջանալով կոտրել անփորձ սկսնակների, «տեխնոկրատական ժամանցի» սիրահար մատաղ սերնդի անտարբերության սառույցն ուսումնառության նկատմամբ առհասարակ: Այդուհանդերձ, նրանք դանդաղ ու աննկատ բարեկրթվում են: Տարեցտարի առավել մեծ հետաքրքրությամբ են ունկնդրում Երևանյան փառատոնի բազմաբովանդակ համերգային ծրագրերը: Մանավանդ որ, դրանք հանրածանոթ դասական գործերին համարժեք կարևորում են ժամանակակից հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրաճանաչումը:
ԲԱԶՄԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ
Վաստակավոր արտիստ Երվանդ Երկանյանի` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Հերոսական ռապսոդիա»-ի` ֆիդայական հայտնի երգերի մոտիվներով հյուսված մերօրյա օրհներգի պրեմիերային հաջորդում է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի կատարումը ՀՊՖՆ-ի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան) միացյալ կազմով: «Հանճարեղ գերմանացու այս բազմաշերտ գործից միշտ վախեցել եմ,- խոստովանում է Էդուարդ Թոփչյանն իր պրեմիերայից առաջ:- Մոտ 20 տարի չէի համարձակվում ձեռք մեկնել: Երկար ու տքնաջան պատրաստվում էի: Հիմա էլ համոզված չեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ անում: Բայց անհամեմատ վստահ եմ զգում»: «ՈՒրախության ձոնով» ամբողջացող այդ երկնառաք բազմաձայն պատարագը հանրությանը ներկայացավ վաստակավոր երկու կոլեկտիվների և օպերային չորս մեներգիչների` Նունե Բադալյանի, Նարինե Անանիկյանի, Պերճ Քարազյանի և Դմիտրի Ագեևի (ՈՒկրաինա) անվրեպ փոխըմբռնմամբ: «Միասնաբար միշտ էլ հանդես ենք եկել ու ցանկալի պտուղներ քաղել համագործակցությունից,- Թոփչյանի մեկնարկային մտավախությունն էր համերգից հետո մեծահոգաբար փարատում մաեստրո Չեքիջյանը:- Եթե հովանավորներ գտնվեն, Աբու Դաբիի հրավերն էլ չենք մերժի և արտերկրում էլ կհաստատենք մեր «վաստակավոր կոլեկտիվ» տիտղոսներին հարիր միաձույլ կատարողական գրավչությունը»:
Հայաստանյան ու համաշխարհային պրեմիերաների առատությամբ, նոր անունների հայտնությամբ նախորդներին չի զիջում հինգերորդ Երևանյանը:
Քիչ թե շատ ճանաչում գտած նորերի ու պաշտամունքի առարկա դարձած անմահների ստեղծագործություններից կազմված ինքնատիպ «գոբելենը» Երևանյան ամենատևական երաժշտատոնի, դատելով երկացանկից, դեռ գունեղանալու է մինչ հոկտեմբերի կեսերին ծրագրված հանդիսավոր ավարտը: Բայց հոբելյանական տոնականությամբ մտահղացված երաժշտական հանդիպումները, կասկածից վեր է, այսուհետ էլ շարունակվելու են պատասխանատվության նույն զգացումով, 85-ամյա ՀՊՖՆ-ին հատուկ մշտանորոգ երիտասարդական ավյունով: Նախնիներին շնորհված «վաստակավոր կոլեկտիվ» տիտղոսին իր արժանավորությունը ՀՊՖՆ-ի երաժիշտների ներկա սերունդը վաղուց է հաստատել:
Գուցե հստակվի ներկայիս մշակութային մարտավարությունն էլ, բարձր երաժշտարվեստի, առհասարակ մշակույթի նկատմամբ վերաբերմունքն այնքան լրջանա, որ մարդկանց հոգեկերտվածքում բնավորված ժամանցայինի կայսրությունն ի վերջո հիմնովին երերա ու փլուզվի ի նպաստ «գիտելիքահենք հասարակության ձևավորման»: Չէ՞ որ հոգևոր բարձրարժեք սննդի պարբերական ներարկումներով միայն կկենսագործվեն համակողմանիորեն բարեկիրթ հասարակության կայացմանը բարենպաստ, անընդմեջ հոլովվող հռչակված կարգախոսները: Եվ «Արամ Խաչատրյան» համերգասրահից ամեն երեկո դուրս կհորդի մաքրագործող երաժշտությամբ հոգեպնդված ունկնդիրների ավելի ու ավելի ստվար բազմություն:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ